
Բակտերիալ քաղցկեղ
Հարուցիչը: – Agrobacterium tumefaciens, Pseudomonas syringae, Clavibacter ևն
Բակտերիալ քաղցկեղը բույսերի լայն տարածված հիվանդություններից է, որը մեծ վնաս է պատճառում մորմազգի, վարդազգի և բազմաթիվ այլ ընտանիքներին պատկանող տեսակների բույսերին: Այս անբուժելի հիվանդությունը վարակում և վնասում է նաև խաղողին ու դեկորատիվ շատ բույսերի:
Բակտերիալ քաղցկեղի վնասը մորմազգի կուլտուրաների վրա
Բակտերիալ քաղցկեղի վնասը վարդազգի կուլտուրաների վրա
Բակտերիալ քաղցկեղի վնասը խաղողի վրա
Հիվանդության նշանները
Բակտերիալ քաղցկեղը դրսևորվում է մի քանի ձևերով՝ բույսերի թառամումներ հյուսվածքների ախտահարման հետևանքով, հետքերի, իսկ հետագայում նաև խոցերի առաջացում տերևների, տերևակոթունների, պտուղների, ցողունների ու արմատների վրա:
Բաց դաշտի լոլիկի բույսերի վրա դիտվում են դեղնություն և նեկրոզներ, որոնք սկսվում են տերևաթիթեղի եզրերից ու տարածվելով՝ ընդգրկում տերևը և հետո վարակը տարածվում է ամբողջ բույսի վրա:
Ջերմատներում ինդետերմինանտ սորտերի մոտ դիտվում է տերևի առանձին մասերի միակողմանի թառամումներ, որոնք էլ հանգեցնում են տերևների ձևափոխություններին՝ դեֆորմացիաներին: Այս դեպքում կարող է դիտվել նաև բույսերի վրա միակողմանի թառամումներ:
Այս երկուսի դեպքում էլ լոլիկի ցողունի ընդլայնական կտրվածքի մեջ դիտվում է ջրատար համակարգի գունավորում՝ դեղնաժանգագույնից մինչև բաց գորշավուն: Նույն պատկերն է դիտվում նաև պտղակոթունի և տերևակոթունի ընդլայնական կտրվածքներում:
Ծառերի ու խաղողի վազի վրա բակտերիալ քաղցկեղն արտահայտվում է ուռուցքների ու նորագոյացությունների ձևով: Այս հիվանդության հարուցիչները սովորաբար բույսերի օրգանիզմ են մտնում վնասված տեղերից ու զարգանալով ներսում, սկսում են սնվել բույսերի հյութով ու սննդանյութերով՝ հյուծելով դրանց: Ժամանակի ընթացքում այդ ուռուցքները պոկվում են կամ փշրվելով ընկնում հողի մեջ, ուր հարուցիչները կարող են երկար տարիներ պահպանվել և հետո նորից սկսել իրենց կյանքի ցիկլը:
Զարգացմանը նպաստող գործոնները
-բուսական մնացորդներ;
-վարակված հող;
-վարակված սերմերով մշակություն;
-սանիտարական նորմերի չպահպանումը;
-վարակված գործիքներով ու սարքավորումներով աշխատելը;
-բարձր ջերմաստիճանները՝ +20–+28, երբ այն համընկնում է բարձր հարաբերական խոնավության հետ՝ 80-85%;
-ուժեղ ցրտերի հետևանքով ծառերի կամ թփերի վրա առաջացած ճաքերն ու վնասվածքները, որոնցով վարակը մտնելով, սկսում է բազմանալ բույսերի օրգանիզմում:
Պայքարի միջոցառումները
Ագրոտեխնիկական պայքար
-բուսական մնացորդների ոչնչացում;
-նվազագույնը 2-3 տարեկան ցանքաշրջանառությունների կիրառում;
-գերխոնավացման հնարավոր պատճառների վերացում;
-հողի ախտահանում և ոռոգում հողի ախտահանումից հետո միայն;
-սերմերի ջերմային ախտահանում;
-Հիբրիդային և դիմացկուն սորտերի սերմերի կիրառում;
-եթե ցանքը կատարվում է տեղական սերմերով, ապա սերմեր վերցնել միայն առողջ տարածքից ու առողջ բույսերից;
-Ծառերի ու թփերի բների սպիտակեցում գարնանը կրակաթով, մաքրում-հեռացում հիվանդ ու ջարդված ճյուղերը: Բակտերիալ քաղցկեղով վարակված բույսերը պետք է արմատով հանել, հեռացնել տեղամասից ու այրել;
-Ժամանակին ու խնամքով իրականացնել գյուղատնտեսական աշխատանքները ագրոտեխնիկական պայմաններին համապատասխան:
Կենսաբանական պայքար
-ցանքից առաջ սերմերը թրջել կենսաբանական պատրաստուկներով;
-հողը ոռոգել կենսաբանական պատրաստուկներով;
-ջրումները կատարել այնպես, որ ջուրը արմատավզիկին չկպչի, իսկ ջերմատներում կաթիլային ոռոգման դեպքում խողովակը գնա հողի միջով՝ արմատավզիկից ներքև;
-Աճի կենսաբանական խթանիչների (Կելպակ, Հետերոաուքսին ևն) օգտագործում՝ բույսերի դիմադրողականությունը բարձրացնելու և աճն ու զարգացումը խթանելու համար:
Քիմիական պայքար
-ջերմատների ախտահանում քիմիական նյութերով գազանման ձևով՝ ֆումիգացիա;
-ճիշտ սննդային, օդային ու ջրային ռեժիմների պահպանում, գերխոնավության ու ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների բացառում;
-Այգիների գարնանային բուժումներ պղինձ պարունակող պատրաստուկներով:
-Համեմատաբար լավ արդյունք է տալիս նաև պղինձ պարունակող պրեպարատներով սրսկումները վեգետացիայի ընթացքում՝ Բոմիքս (բորդոյան խառնուրդ), Ագրիկոպեր (Պղնձի քլորօքսիդ) և այլն: