Բակտերիալ քաղցկեղ

Բակտերիալ  քաղցկեղ

Հարուցիչը: – Agrobacterium tumefaciens, Pseudomonas syringae, Clavibacter ևն

Բակտերիալ քաղցկեղը բույսերի լայն տարածված հիվանդություններից է, որը մեծ վնաս է պատճառում մորմազգի, վարդազգի և բազմաթիվ այլ ընտանիքներին պատկանող տեսակների բույսերին: Այս անբուժելի հիվանդությունը վարակում և վնասում է նաև խաղողին ու դեկորատիվ շատ բույսերի:

Բակտերիալ քաղցկեղի վնասը մորմազգի կուլտուրաների վրա

 Բակտերիալ քաղցկեղի վնասը վարդազգի կուլտուրաների վրա

 

Բակտերիալ քաղցկեղի վնասը խաղողի վրա

 Հիվանդության նշանները

Բակտերիալ քաղցկեղը դրսևորվում է մի քանի ձևերով՝ բույսերի թառամումներ հյուսվածքների ախտահարման հետևանքով,  հետքերի, իսկ հետագայում նաև խոցերի առաջացում տերևների,  տերևակոթունների, պտուղների, ցողունների ու արմատների վրա:

 

Բաց դաշտի լոլիկի բույսերի վրա դիտվում են դեղնություն  և նեկրոզներ, որոնք սկսվում են տերևաթիթեղի եզրերից ու տարածվելով՝ ընդգրկում տերևը և հետո վարակը տարածվում է ամբողջ բույսի վրա:

Ջերմատներում ինդետերմինանտ սորտերի մոտ դիտվում է տերևի առանձին մասերի միակողմանի թառամումներ, որոնք էլ հանգեցնում են տերևների ձևափոխություններին՝ դեֆորմացիաներին: Այս դեպքում կարող է դիտվել նաև բույսերի վրա միակողմանի թառամումներ:

Այս երկուսի դեպքում էլ լոլիկի ցողունի ընդլայնական կտրվածքի մեջ դիտվում է ջրատար համակարգի գունավորում՝ դեղնաժանգագույնից մինչև բաց գորշավուն: Նույն պատկերն է դիտվում նաև պտղակոթունի և տերևակոթունի ընդլայնական կտրվածքներում:

Ծառերի ու խաղողի վազի վրա բակտերիալ քաղցկեղն արտահայտվում է ուռուցքների ու նորագոյացությունների ձևով: Այս հիվանդության հարուցիչները սովորաբար բույսերի օրգանիզմ են մտնում վնասված տեղերից ու զարգանալով ներսում, սկսում են սնվել բույսերի հյութով ու սննդանյութերով՝ հյուծելով դրանց: Ժամանակի ընթացքում այդ ուռուցքները պոկվում են կամ փշրվելով ընկնում հողի մեջ, ուր հարուցիչները կարող են երկար տարիներ պահպանվել և հետո նորից սկսել իրենց կյանքի ցիկլը:

 

 

Զարգացմանը նպաստող գործոնները

-բուսական մնացորդներ;

-վարակված հող;

-վարակված սերմերով մշակություն;

-սանիտարական նորմերի չպահպանումը;

-վարակված գործիքներով ու սարքավորումներով աշխատելը;

-բարձր ջերմաստիճանները՝ +20–+28,  երբ այն համընկնում է բարձր հարաբերական  խոնավության հետ՝ 80-85%;

-ուժեղ ցրտերի հետևանքով ծառերի կամ թփերի վրա առաջացած ճաքերն ու վնասվածքները, որոնցով վարակը մտնելով, սկսում է բազմանալ բույսերի օրգանիզմում:

 

 

Պայքարի միջոցառումները

Ագրոտեխնիկական պայքար

-բուսական մնացորդների ոչնչացում;

-նվազագույնը 2-3 տարեկան ցանքաշրջանառությունների կիրառում;

-գերխոնավացման հնարավոր պատճառների վերացում;

-հողի ախտահանում և ոռոգում հողի ախտահանումից հետո միայն;

-սերմերի ջերմային ախտահանում;

-Հիբրիդային և դիմացկուն սորտերի սերմերի կիրառում;

-եթե ցանքը կատարվում է տեղական սերմերով, ապա սերմեր վերցնել միայն առողջ տարածքից ու առողջ բույսերից;

-Ծառերի ու թփերի բների սպիտակեցում գարնանը կրակաթով, մաքրում-հեռացում հիվանդ ու ջարդված ճյուղերը: Բակտերիալ քաղցկեղով վարակված բույսերը պետք է արմատով հանել, հեռացնել տեղամասից ու այրել;

-Ժամանակին ու խնամքով իրականացնել գյուղատնտեսական աշխատանքները ագրոտեխնիկական պայմաններին համապատասխան:

Կենսաբանական պայքար

-ցանքից առաջ սերմերը թրջել կենսաբանական պատրաստուկներով;

-հողը ոռոգել կենսաբանական պատրաստուկներով;

-ջրումները կատարել այնպես, որ ջուրը արմատավզիկին չկպչի, իսկ ջերմատներում կաթիլային ոռոգման դեպքում խողովակը գնա հողի միջով՝ արմատավզիկից ներքև;

-Աճի կենսաբանական խթանիչների (Կելպակ, Հետերոաուքսին ևն) օգտագործում՝ բույսերի դիմադրողականությունը բարձրացնելու և աճն ու զարգացումը խթանելու համար:

 

Քիմիական պայքար

-ջերմատների ախտահանում քիմիական նյութերով գազանման ձևով՝ ֆումիգացիա;

-ճիշտ սննդային, օդային ու ջրային ռեժիմների պահպանում, գերխոնավության ու ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների բացառում;

-Այգիների գարնանային բուժումներ պղինձ պարունակող պատրաստուկներով:

-Համեմատաբար լավ արդյունք է տալիս նաև պղինձ պարունակող պրեպարատներով սրսկումները վեգետացիայի ընթացքում՝ Բոմիքս (բորդոյան խառնուրդ), Ագրիկոպեր (Պղնձի քլորօքսիդ) և այլն: