Ֆուզարիոզ

Ֆուզարիոզ

 

Հարուցիչը: – Fusarium oxysporum

 

Բույսերի ամենատարածված ու խիստ  վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը վնաս է հասցնում բույսերի  մշակությամբ զբաղվող բոլոր մայր ցամաքներում: Այս հիվանդության հարուցիչը ամենակեր սնկերի թվին է պատկանում, որը վնասում է բազմաթիվ ընտանիքների բույսերին.

 

  • Հացազգիներից (Fusarium verticillioides, F. oxysporum)– ցորեն, գարի, վարսակ, եգիպտացորեն ևն;
  • Ընդեղեններից կամ թիթեռնածաղկավորներից (Fusarium oxysporumsp. pisi  ևն)– առվույտ, ոլոռ, սոյա ևն;
  • Դդմազգիներից (Fusarium oxysporum sp. Cucumerinum,  Fusarium solani ևն) – վարունգ, դդմիկ, դդում, սեխ, ձմերուկ ևն;
  • Մորմազգիներից (Fusarium oxysporumsp. lycopersici.) – լոլիկ, սմբուկ, կարտոֆիլ, պղպեղ ևն;
  • Սոխազգիներից – սոխ, սխտոր ևն;
  • Դեկորատիվ և տարբեր ծաղկաբույսեր (Fusarium oxyspopum) –  (Աստղածաղկազգիներից, մեխակազգիներից, սոճազգիներից և այլ ընտանիքներին պատկանող – մեխակ, ռոդոդենդրոն, սոճի, եղևնի ևն:

 

 

Ֆուզարիումի հարուցիչները գտնվում են հողի և վարակված մնացորդների մեջ և արմատներով անցնելով բույսի մեջ, սկսում են աճել:  Արմատների մեջ մտնելուց հետո հարուցիչը խցանում և արգելափակում է  արմատներից դեպի վեր ջուր ու սննդատարրեր տեղափոխող հյուսվածքը  (քսիլեմը): Դա  հանգեցնում է բույսերի աճի ու զարգացման պրոցեսների խանգարմանը և բույսերը վատ են աճում, տուրգոր վիճակը խիստ վատանում է՝ չնայած հաճախ   անմիջապես չեն չորանում:

 

 

Ֆուզարիոզի նշանները հացազգիների վրա

  

 Ֆուզարիոզի նշանները ընդեղենների վրա

 

 Ֆուզարիոզի նշանները մորմազգիների վրա

 

 Ֆուզարիոզի նշանները դդմազգիների վրա

 Ֆուզարիոզի նշանները սոխազգիների վրա

 

Հիվանդության  նշանները

 

Ֆուզարիումի վարակի առկայության դեպքում մշակվող հողամասի վրա վարակված բույսերի մեջ տարբեր տեղերում նկատվում է չորացումներ՝ բույսերը թառամում են, երբեմն՝ դեղնում ու չորանում: Լոլիկը սկում է նեխել բույսի ներքևի մասից՝ արմատներից, որովհետև համեմատաբար թույլ տեղը դրանք մազարմատներն են, որտեղից էլ մտնում են ֆուզարիում տիպի սնկերը:

  

Զարգացմանը  նպաստող  պայմանները

-գերխոնավությունը;

-բուսական վարակված մնացորդները;

– մշակաբույսերի բարձր խտությունը;

– լույսի պակասը;

– ազոտական  պարարտանյութերի չափից  բարձր  դոզաները;

 

Պայքարի  միջոցառումները

 

Պրոֆիլակտիկ  և ագրոտեխնիկական միջոցներ

Ֆուզարիոզային հիվանդությունը ավելի ճիշտ է կանխել, քան բուժել, որովհետև  վարակվելուց  հետո, երբ սունկն արդեն մտնում է բույսի մեջ, բուժելը շատ դժվար է:

Կանխարգելիչ միջոցառումները  ընդգրկում են.

-ագրոտեխնիկական կամ այլ միջոցառումներ, որոնցից են.

-ցանքաշրջանառությունների կիրառում, չմշակել նույն ընտանիքի բույսեր նույն տեղում հաջորդ վեգետացիայում;

-սերմնանյութի ախտահանում սնկասպան պրեպարատներով

-սածիլի աճեցման ջերմատանը պահել նորմալ, ոչ բարձր ջերմաստիճան (առավելագույնը +25);

-հողի մաքրում բուսական մնացորդներից ու ախտահանում ջրելով հողը (կալիումի պերմանգանատով, պղնձի հիդրոքլորիդով կամ Ագրիկոպերով);

-հողի մեջ պետք է ապահովել կալիումի բավարար քանակություն, որը կարելի է իրականացնել մոխրի ցրմամբ հողի մակերեսին; Չպետք է մոռանալ նաև սննդային մյուս կարևոր տարրերով հողը հարստացնել՝ կալցիումով , ֆոսֆորով ու ծծումբով:

-ֆոզարիոզադիմացկուն սորտերի մշակություն;

-բույսերի իմունիտետը կարելի է բարձրացնել նաև տրիխոդերմին  կենսաբանական  պրեպարատի միջոցով;

-կարգավորել ջրման ու ջերմային ռեժիմների հարաբերակցությունը;

-ջերմատներում հարաբերական խոնավությունը չպետք է բարձր լինի 60%-ից:

 

Կենսաբանական պայքար

Ֆուզարիումի դեմ լավ արդյունք են տալիս ֆիտոսպորին,  տրիխոդերմին, բակտոֆիտ  և ալիրին պրեպարատներով  սածիլների ջրումները;

Քիմիական

-պրոպոմոկարբ հիդրոքլորիդ – Ագրիկարբ, Պրևիկուր, սածիլները ջրել այս պրեպարատով;

-հողը ջրել սնկասպան ֆլյուդօքսանիլ պարունակող պրեպարատի ջրային լուծույթով;

-կազմակերպել սածիլների սրսկում Ագրիստրոբին, Կվադրիս (ազօքսիստրոբին) պրեպարատով 2 անգամ 2 շաբաթ ընդմիջումով;

-ջրումներ կատարել պղինձ պարունակող Ագրիկոպեր (պղնձի օքսիքլորիդ) պրեպարատով:

Ժողովրդական միջոցներ

ֆուզարիումի սնկերը վատ են  աճում հիմնային միջավայրում: Այդ պատճառով սածիլլը ջրում են մոխրի լուծույթով՝  բաժակ մոխիր 10 լ ջրի մեջ, խառնել, քամել ու գոլ լուծույթով ջրել սածիլների շուրջ գտնվող հողը;

– ֆուզարիումի վրա ճնշող ազդեցություն ունի նաև սխտորի լուծույթը: Դրա համար 1 գլուխ սխտորը մաքրում են,  ճզմում, 1 բաժակ ջրի մեջ պահում 1 օր, հետո խառնում 10 լ ջրին ու սրսկում սածիլները երեկոյան կամ առավոտյան;

– 1 լ կաթի մեջ խառնում են 1 կտոր տնտեսական օճառ, ավելացնում 30 կաթիլ յոդ և դրանով  մշակում բույսերը: